Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ իր նորածին որդին մահացել է։ Ֆուտբոլիստն ու նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակների էին սպասում՝ տղայի և աղջկա։ Զույգի դուստրը ողջ է մնացել։
«Խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր տղան մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները: Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս հույսով ու երջանկությամբ ապրելու այս պահը։ Շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին և բուժքույրերին՝ մասնագիտական օգնության և աջակցության համար։ Մենք վշտացած ենք և խնդրում ենք, որ դուք հարգեք մեր գաղտնիությունը այս դժվարին պահին: Մեր տղա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ», գրել է ֆուտբոլիստը ինստագրամի իր էջում։
Ջորջինայի հղիության մասին հայտնի դարձավ անցյալ տարի՝ զույգը հայտարարեց, որ սպասում է երկվորյակների։
Ջորջինան և Կրիշտիանոն արդեն ունեն ընդհանուր դուստր՝ Ալանան։ Բացի այդ, զույգը մեծացնում է Ռոնալդուի երեխաներին՝ ավագ որդուն՝ Կրիշտիանու կրտսերին և երկվորյակներին՝ Եվային և Մատեոյին։
Կրիշտիանուն և Ջորջինան միասին են ավելի քան հինգ տարի։