Ռիհաննան, ով այժմ գտնվում է հղիության երրորդ եռամսյակում, դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին։ Շապիկին երգչուհուն տեսնում ենք ժանյակավոր կոմբինեզոնով, իսկ ֆոտոշարքի հեղինակը լեգենդար Էննի Լեյբովիցն է։
Լուսանկարներում Ռիհաննային տեսնում ենք տարբեր կերպարներով։
Ամսագրի համար արված հարցազրույցում Ռիհաննան պատմել է իր հղիության և երեխայի հոր՝ A$AP Rocky-ի հետ հարաբերությունների մասին: Երգչուհին նշել է, որ դեռևս փոփոխություններ չի նկատել իր մեջ՝ կապված այն բանի հետ, որ շուտով մայր է դառնալու, և մնում է այնպիսին, ինչպիսին կա։
Ռիհաննան, իսկապես, չի փոխվել։ Շարունակում ենք տեսնել նրան անկեղծ կերպարներով, երգչուհին ակտիվորեն վարում է սոցիալական կյանք և պարզապես չի հեռանում պարբերականների էջերից։
«Երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի՝ ապագա մայրերի համար խանութ չեմ գնալու։ Կներեք, բայց հավես զգետսներ հագնելը չափազանց զվարճալի է: Ես թույլ չեմ տա, որ կյանքիս այս հատվածն անհետանա, միայն նրա համար, որ մարմինս փոխվում է», ասել է Ռիհաննան։
Հանրային վայրերում հայտնվելիս Ռիհաննան չի շտապում թաքցնել կլորացած փորիկը՝ հակառակը: Դրա համար երգչուհուն շատ են քննադատում համացանցում. ոմանք կարծում են, որ նա չափազանց անկեղծ է հագնվում:
Սակայն Ռիհաննան համաձայն չէ՝ «Իմ մարմինը հիմա անհավանական շրջան է ապրում, և ես չեմ ամաչելու դրա համար: Տեսքս պիտի տոնական լինի։ Ինչու՞ պետք է թաքցնեմ հղիությունը»։
Երգչուհին անդրադարձել է A$AP Rocky-ի հետ հարաբերություններին, ում հետ երկար ժամանակ պարզապես ընկերներ են եղել։
«Ինձ համար ընկերական գոտուց դուրս գալն այդքան էլ հեշտ չէ։ Որոշ ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, թե որքան լավ եմ ճանաչում նրան և որքան լավ է նա ճանաչում ինձ, քանի որ մենք նաև հասկանում ենք, թե որքան դժվարություններ կարող ենք ունենալ»։