Esquire հեղինակավոր ամսագիրն ունի «Կյանքի կանոններ» խորագիրը, որի շրջանակներում ներկայացնում է հայտնի մարդկանց մեջբերումները, մտքերը՝ որպես կյանքի կանոն։ IMSTORIES – ը պարբերաբար անդրադառնում է նախագծին, ներկայացնելով հայտնիները մտքերը՝ հայերենով։
Այս անգամ ներկայացնում ենք լեգենդար Ուիթնի Հյուսթնի մտքերը։ Երգչուհին կյանքից հեռացավ 2012 թվականին՝ փետրվարի 11-ին։ Ուիթնին 48 տարեկան էր։
Ես իմ լավագույն ընկերն եմ և ինքս իմ թշնամին:
Մանկուց ուզում էի ուսուցչուհի դառնալ։ Սիրում եմ երեխաներին և ցանկանում էի աշխատել նրանց հետ: Հետո ուզում էի անասնաբույժ դառնալ։ Բայց 10 կամ 11 տարեկանում հասկացա, որ ուսուցիչներն ու անասնաբուժությունը կարող են սպասել, իսկ ես պիտի երգեմ։
Երիտասարդությունս վայելելու ժամանակ չեմ ունեցել։ 20 տարեկանում նույնիսկ ոչ մեկի հետ չէի հանդիպում: Դժվար էր:
Գիտե՞ք ինչ եմ զգում։ Ինձ ծեր եմ զգում, որովհետեւ 11 տարեկանից աշխատում եմ։ Ելույթ էի ունենում գիշերային ակումբներում, աշխատում էի որպես մոդել, չեմ ուզում ձանձրանալ: Սիրում եմ այն, ինչ անում եմ, և հաճելի է իմանալ, որ շատերն են սիրում այն, ինչ անում եմ: Բայց հաճույք այլևս չեմ ստանում։
Ես ուժեղ եմ. շոու-բիզնեսում այդքան երկար դիմանալու համար պետք է ուժեղ լինել։
Սարսափել էի, երբ «Թիկնապահը» ֆիլմում դեր ստացա: Ախր Քևին Քոսթներն էր, գիտե՞ք: Ես հարցրեցի. «Ինչո՞ւ ես»: Նա պատասխանեց. «Որովհետև դու միակն ես, ով կարող է երգել»:
Երբ հանդիպում ես ինչ-որ մեկին՝ իրականում նրա կերպարն ես տեսնում ու դա նրա միայն մի մասն է։ Ես միշտ չէ, որ նման կերպ եմ հագնվում։ Հրեշտակ չեմ՝ կարող եմ նաև կոպիտ լինել:
Չէի հանդիպի ինչ որ մեկի հետ, ով չի հարգում իմ կարծիքը։ Ինձ ոչ ոք չի ստիպի անել այն, ինչ ես չեմ ուզում։ Դուք ինձ չեք ստիպի երգել երգեր, որոնք չեմ ուզում:
Բոբի Բրաունին ( երգչուհու նախկին ամուսինն էր) և Ուիթնի Հյուսթոնին միասին կպատկերացնեի՞ք։ Ո՞վ կարող էր նրանց միասին պատկերացնել: Բայց ես սերը նրա մեջ գտա, ինքն էլ՝ իմ մեջ։
Նա իմ թմրանյութն էր: Ոչինչ չեմ արել առանց նրա։ Նույնիսկ թմրանյութ չէի ընդունում։ Միշտ միասին էինք: Մենք գործընկերներ էինք, և նա իմ թմրանյութն էր:
Չեմ սիրում մտածել, որ կախվածություն ունեմ։ Նախընտրում եմ կարծել, որ վատ սովորություն ունեմ, որը կարող եմ հաղթահարել։
Այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ դադարում են ուտել, երբ սթրեսային օր են ունենում: Ոմանք ուտում են, ես՝ ոչ։
Ինքնաոչնչացող մարդ չեմ. նրանցից չեմ, ովքեր ցանկանում են մեռնել: Սիրում եմ կյանքն ու ապրելու ցանկություն ունեցող մարդ եմ։
Ես գիտեմ, որ Տիրոջ զավակն եմ, և որ նա սիրում է ինձ: