Բոլորիս Ջիվան Գասպարյանը՝ վարպետ, ձյաձ Ջիվան, լեգենդ

Հոկտեմբերի 12 – ն էր ծնվել բոլորիս սիրելի ձյաձ Ջիվանը՝ հանճարեղ դուդուկահար, կոմպոզիտոր, իսկական լեգենդ։

Ջիվան Գասպարյանին հաջողվեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել: 

Լուսանկարը՝ Wikipedia

Ջիվան Գասպարյանին դուդուկի վարպետ էին անվանում։ Վարպետը նաև Երևանի պատվավոր քաղաքացի էր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստը սիրված էր ու հարգված, նրան միշտ հաջողվում էր նաև մեծ պահանջարկ ունենալ որպես արտիստ։

Լուսանկարը՝ !Lurer

Ջիվան Գասպարյանը ծնվել էր Կոտայքի մարզի Սոլագ գյուղում ու մեծացել որբանոցում։ Երաժիշտն իսկապես ծանր մանկություն է ունեցել՝ վաղ տարիքում կորցնելով մորը։ Ջիվանի հայրն էլ մասնակցել էր Երկրորդ Համաշխարհային Պատերազմում։

Ապագա երաժիշտը 6 տարեկան էր, երբ սկսեց դուդուկ նվագել։ 

Մի հետաքրքիր փաստ գտանք Ջիվան Գասպարյանի մասին: 19 տարեկանում՝ Մոսկվայում, մասնակցելով համերգի, Ստալինից Պոբեդա ժամացույց է ստանում։

Ջիվան Գասպարյանը՝ մեջտեղում
Լուսանկարը՝ mirrorspectator

Նույն տարիքում էլ Գասպարյանը սկսում է հանդես գալ որպես մենակատար՝ միանալով  Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլին։ Այդ ժամանակ երաժիշտը նույնիկս նոտաները չգիտեր։ Այդ փաստը չի խանգարում Գասպարյանին կայանալ որպես երաժիշտ՝ ապագայում հանդես գալով ամենահեղինակավոր բեմերում ու ստանալով մի շարք մրցանակներ ու կոչումներ։

Դասավանդելով Երևանի պետական կոնսերվատորիայում՝ վարպետը կարողացավ դուդուկը նոր մակարդակի բարձրացնել, կրթելով մասնագետների նոր սերունդ։

Աշխարհահռչակ Պիտեր Գաբրիելն օգտագործել է Գասպարյանի երաժշտությունը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։ 

Պիտեր Գաբրիելը, Ջիվան Գասպարյանն ու Բրայան Մեյը
Լուսանկարը՝ mirrorspectator

Բայց սա դեռ սկիբն էր․ Գասպարյանի կատարումը հնչում է մի շարք աշխարհահռչակ ֆիլմերում, այդ թվում նաև 2000 թվականին թողարկված «Գլադիատոր» – ում։

2006 թվականին վարպետն առաջադրվեց Grammy մրցանակի՝ Ավանդական լավագույն ալբոմի համար։

Ջիվան Գասպարյանն ու Բրայան Մեյը
Լուսանկարը՝ berussa.club

Վարպետը համագործակցել է աշխարհահռչակ մի շարք երաժիշտների հետ, նրանց թվում են  Սթինգը, Բրայան Մեյը, Լայնել Ռիչին, Դերեք Շերինյանը, Բորիս Գրեբենշիկովը, Սերժ Թանգյանը, Հանս Զիմերն ու այլք։

Ջաիվան Գասպարյանն ու Սերժ Թանգյանը
Լուսանկարը՝ Armenpress.am

Գասպարյանը նույնիսկ մեկնեց «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ դառնալով ամենատարեց մասնակիցը։ Նա նվագակցում էր Եվա Ռիվասին՝ “Apricot Stone” երգի ընթացքում։ 

Լուսանկարը՝ Ianyan Magazine

2021 թվականի հուլիսի 6 – ին վարպետի սիրտը կանգ առավ․ դուդուկահարը 92 տարեկան էր։ Այդ մասին հայտնեց վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը՝ գրելով․

«Աշխարհը մեծ կորուստ ունեցավ այսօր։ Նա ոչ միայն լեգենդ էր, բայց նաև գեղեցիկ հոգի ունեցող մարդ։ Մեծ ցավով եմ գրում իմ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավորի»։

Միշտ հիշելու ու խոնարհվելու ենք վարպետի առջեւ՝ հայկական մշակույթում ունեցած մեծ ավանդի համար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »