Հայկական արմատներով ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել. Այս մասին հայտարարել է ինքը՝ 43-ամյա դերասանը Հայաստանում բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսին, որին մասնակցել է։
«Արդարությունը հաղթեց, վերջապես ստացա ՀՀ քաղաքացիություն, ազնվորեն ներկայացրի փաստաթղթերը, հիմա վերջապես ստացա»,- ասաց Գալուստյանը։
Հումորիստի խոսքով՝ ինքը նախատեսում է հեղինակային նախագծեր սկսել Հայաստանում։ «Անկեղծ ասած, Սոչիի հայը տարբերվում է երեւանյան հայից, երեւանյան հայերենը շատ կոռեկտ է եւ գրական, իսկ սոչիերենը մի փոքր այլ է: Եթե հասկանաք, կարող եք սպասել այլ նախագծերի»,- ասաց նա:
Գալուստյանը շարունակում է աշխատել նաև Ռուսաստանում, օրինակ՝ «Աստղերն Աֆրիկայում» շոուի վարողն է։
Այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց լուրը, որ Գալուստյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել, շատերը ենթադրեցին, որ այս կերպ նա ցանկանում է խուսափել պատժամիջոցներից։ Հիշեցնենք՝ տարեսկզբին կատակերգուի նկատմամբ անձնական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի և Կանադայի կողմից։
Գալուստյանը մեկնաբանել է սոցցանցերում։ «Ուզում եմ բացատրել, որ թյուրիմացություններ չլինեն, նախ՝ ես հայ եմ և հպարտ եմ դրանով, Հայաստանն իմ պատմական հայրենիքն է։ Միևնույն է… Հանգստացեք։ Ես սիրում եմ Ռուսաստանը և ոչ մի տեղ չեմ գնում այստեղից, ինչպես որոշ մարդիկ։ Ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ ։ Ռուսաստանն իմ հայրենիքն է»,-ասել է նա։