Ռազմիկ Ամյանի երգացանկից «Ամենաբարի Սրտով Աղջիկ» երգը միանգամից սիրվեց։ Այն, կարծես, կատարյալ երգ դարձավ սեր խոստովանելու համար, սիրահարների երաժշտական նոր խորհրդանիշը։
2021-ի սկզբում թողարկված երգն առ այսօր շարունակվում է լսումներ հավաքել ու տարածվել՝ մասնավորապես հնչելով նշանադրությունների, կամ հարսանեկան արարողությունների ընթացքում։
Երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանինն են։ Իսկ երգը հատուկ գրվել է ու նվիրված է երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի սիրելիի՝ Մերիի համար։
«Երգս նվիրված է իմ թանկագին ընկեր Վարդուհի Վարդանյանի որդուն եւ իր կեսին», գրված է որպես երգի տեսահոլովակի խորագիր, որն ի դեպ, 4 միլիոնից ավելի դիտում ունի։
Այս տարվա հունվարին միայն ալարկոտը չէր քննարկում համացանցում տարածված տեսանյութը Ռուբենի ու Մերիի գեղեցիկ հարսանեկան արարողությունից։ Երգն առաջին անգամ հնչեց հենց երեկոյի ընթացքում։
Խորհրդանշական էր, որ կատարման երկրորդ հատվածը Ռազմիկ Ամյանի հետ կատարեց հենց Ռուբենը։
«Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ինձ շատ հարազատ մարդկանց՝ Ռազմիկ Ամյանին եւ Ավետ Բարսեղյանին, նրանց կատարած աշխատանքի համար։ Խոսքերն ավելորդ են… Անչափ շնորհակալ եմ կյանքիս ամենակարեւոր նվերներից մեկի համար», ինստագրամի իր էջում գրել էր Ռուբենը։
Հուզիչ, գեղեցիկ ու նուրբ կատարումն իսկապես սիրվեց հանրության կողմից։