Համացանցում հայտնվել է Մայքլ Ջեքսոնի մասին առաջիկա կենսագրական ֆիլմից առաջին կադրը, որը նախատեսվում է թողարկել 2025 թվականին։ Լուսանկարը Instagram-ում տարածել է երգչի եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը, որը ֆիլմում մարմնավորում է իր հայտնի ազգականին։ «Ճամփորդությունը սկսվում է երկուշաբթի օրը», – մակագրել է գրառմանը Ջաֆարը՝ Փոփի թագավորի ավագ եղբոր որդին:
Կարևոր է նշել, որ Մայքլի նման Ջաֆարն իր կյանքը կապել է բեմի հետ։ Նա երգում և պարում է 12 տարեկանից, իսկ առաջին սինգլը թողարկել է 2019 թվականին։
Թերևս դա է պատճառը, որ ընտանեկան նմանությունը մի կողմ թողած, Մայքլի երկրպագուները հիմնականում ուրախ են, որ Ջաֆարը ստացել է ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմի առաջին կադրով գրառումը, որտեղ երիտասարդը ոտքի ծայրերին կանգնած կատարում է հորեղբոր ֆիրմային շարժումը, արժանացել է բազմաթիվ դրական մեկնաբանությունների։ Շատերը գրում են, որ Մայքլը կհպարտանար Ջաֆարով, եթե նա ողջ լիներ։