Քիմ Քարդաշյանը հանդես է եկել ի պաշտպանություն հրեա և հայ ժողովուրդների. Skims ապրանքանիշի հիմնադիրը Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ դատապարտել է Իսրայելում ահաբեկչական գործողություններն ու խաղաղ բնակիչների սպանությունները։
«Ուղերձ իմ հրեա ընկերներին և ընտանիքներին: Ես սիրում եմ ձեզ: Ես աջակցում եմ ձեզ: Լսել եմ, թե որքան վախեցած եք այս ընթացքում, և ուզում եմ, որ իմանաք, որ մենակ չեք այս հարցում», – գրել է Քիմը: «Իմ սիրտը ցավում է՝ տեսնելով այս երեխաների և ընտանիքների տեսագրությունները, որոնք ահաբեկվում և սպանվում են ամբողջ աշխարհի աչքի առջև»:
Քիմն ընդգծել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են սիրտ ունեցող մարդիկ հանգիստ վերաբերվել «այս սարսափելի կադրերին»։
«Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ մարդկանց կյանքերը, և այժմ և՛ իսրայելցի, և՛ պաղեստինցի խաղաղ բնակիչները տառապում են և վճարում իրենց կյանքի գնով»:
Ռեալիթի շոուների հեռուստաաստղը կարեկցանքի կոչ է արել բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե որ կողմն են նրանք այս հակամարտության մեջ։
«Մեր սրտերում միշտ պետք է տեղ լինի կարեկցանքի համար, անմեղ զոհերի համար, որոնք հայտնվել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայական և էթնիկական պատերազմների խաչմերուկում»:
Քիմը նշել է, որ որպես հայուհի հատկապես զգայուն է էթնիկ անարդարության հարցերի նկատմամբ և երկար տարիներ հրապարակայնորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Օգտվելով առիթից նա խոսել է նաև Արցախում տիրող իրավիճակի մասին։ «Այժմ, ամիսներ շարունակ շրջափակումից հետո՝ ԶԼՄ-ների նվազագույն լուսաբանմամբ և առանց արտաքին աջակցության, հայերն իրենք են դառնում Արցախում էթնիկ զտումների զոհ, նրանք նաև հումանիտար սուր ճգնաժամի իրավիճակում են՝ ռազմագերիները դեռ գերության մեջ են կամ անհայտ կորած են»:
Այսպիսով Քարդաշյանը հավելել է, որ ինքը և իր ողջ ընտանիքն աղոթում են «գերիների, զոհերի և նրանց ընտանիքների ապահով վերադարձի համար, խաղաղության, բոլոր անմեղ զոհերի համար, և որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն այս անհիմն բռնության համար»։