Մահացել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը` Լիզա Մարի Փրեսլին։ Նա նաև Մայքլ Ջեքսոնի առաջին կինն էր։ Լիզա Մարին 54 տարեկան էր։ Փրեսլին մահացել է սրտի կանգից, մանրամասները հետաքննվում են։
Լիզա Մարիի մահվան մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։
«Ծանր սրտով պետք է կիսվեմ սարսափելի լուրով, որ իմ գեղեցիկ դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- ասվում է գրառման մեջ։ Պրիսցիլա Փրեսլին իր դստերը նաև անվանել է «ամենակրքոտ, ուժեղ և սիրող կինը, որին ես երբևէ ճանաչել եմ»:
Իր մահից երկու օր առաջ Լիզա Մարի Փրեսլին մոր հետ ներկա է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ դերասան Օսթին Բաթլերն արժանացել է դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան մրցանակին՝ Էլվիս Փրեսլիի դերի համար համանուն կենսագրականում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ արարողության ժամանակ Փրեսլին այնքան էլ լավ տեսք չուներ. նրա համար դժվար էր քայլել, և նա ամուր բռնել էր ընկերոջը։ Ինսայդերները նաև հայտնում են, որ թմրանյութերի չարաշահման մասին խոսք լինել չի կարող. Լիզա Մարին մի քանի տարի առաջ հրաժարվել է դրանցից:
Լիզա Մարի Փրեսլին գնաց իր հոր հետքերով և սկսեց իր երաժշտական կարիերան 2000-ականներին։ Նա թողարկել է երեք ալբոմ՝ Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։