Հոկտեմբերի 12 – ն էր ծնվել բոլորիս սիրելի ձյաձ Ջիվանը՝ հանճարեղ դուդուկահար, կոմպոզիտոր, իսկական լեգենդ։
Ջիվան Գասպարյանին հաջողվեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել:
Ջիվան Գասպարյանին դուդուկի վարպետ էին անվանում։ Վարպետը նաև Երևանի պատվավոր քաղաքացի էր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստը սիրված էր ու հարգված, նրան միշտ հաջողվում էր նաև մեծ պահանջարկ ունենալ որպես արտիստ։
Ջիվան Գասպարյանը ծնվել էր Կոտայքի մարզի Սոլագ գյուղում ու մեծացել որբանոցում։ Երաժիշտն իսկապես ծանր մանկություն է ունեցել՝ վաղ տարիքում կորցնելով մորը։ Ջիվանի հայրն էլ մասնակցել էր Երկրորդ Համաշխարհային Պատերազմում։
Ապագա երաժիշտը 6 տարեկան էր, երբ սկսեց դուդուկ նվագել։
Մի հետաքրքիր փաստ գտանք Ջիվան Գասպարյանի մասին: 19 տարեկանում՝ Մոսկվայում, մասնակցելով համերգի, Ստալինից Պոբեդա ժամացույց է ստանում։
Նույն տարիքում էլ Գասպարյանը սկսում է հանդես գալ որպես մենակատար՝ միանալով Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլին։ Այդ ժամանակ երաժիշտը նույնիկս նոտաները չգիտեր։ Այդ փաստը չի խանգարում Գասպարյանին կայանալ որպես երաժիշտ՝ ապագայում հանդես գալով ամենահեղինակավոր բեմերում ու ստանալով մի շարք մրցանակներ ու կոչումներ։
Դասավանդելով Երևանի պետական կոնսերվատորիայում՝ վարպետը կարողացավ դուդուկը նոր մակարդակի բարձրացնել, կրթելով մասնագետների նոր սերունդ։
Աշխարհահռչակ Պիտեր Գաբրիելն օգտագործել է Գասպարյանի երաժշտությունը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։
Բայց սա դեռ սկիբն էր․ Գասպարյանի կատարումը հնչում է մի շարք աշխարհահռչակ ֆիլմերում, այդ թվում նաև 2000 թվականին թողարկված «Գլադիատոր» – ում։
2006 թվականին վարպետն առաջադրվեց Grammy մրցանակի՝ Ավանդական լավագույն ալբոմի համար։
Վարպետը համագործակցել է աշխարհահռչակ մի շարք երաժիշտների հետ, նրանց թվում են Սթինգը, Բրայան Մեյը, Լայնել Ռիչին, Դերեք Շերինյանը, Բորիս Գրեբենշիկովը, Սերժ Թանգյանը, Հանս Զիմերն ու այլք։
Գասպարյանը նույնիսկ մեկնեց «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ դառնալով ամենատարեց մասնակիցը։ Նա նվագակցում էր Եվա Ռիվասին՝ “Apricot Stone” երգի ընթացքում։
2021 թվականի հուլիսի 6 – ին վարպետի սիրտը կանգ առավ․ դուդուկահարը 92 տարեկան էր։ Այդ մասին հայտնեց վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը՝ գրելով․
«Աշխարհը մեծ կորուստ ունեցավ այսօր։ Նա ոչ միայն լեգենդ էր, բայց նաև գեղեցիկ հոգի ունեցող մարդ։ Մեծ ցավով եմ գրում իմ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավորի»։
Միշտ հիշելու ու խոնարհվելու ենք վարպետի առջեւ՝ հայկական մշակույթում ունեցած մեծ ավանդի համար։