Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կրտսեր դուստրը՝ Իվ Ջոբսը, նկարահանվել է ճապոնական Vogue ամսագրի համար։ Նա նաև հայտնվել է ամսագրի շապիկին։
Օրեր առաջ էլ մոդելը նկարահանվել էր Vanity Fair-ի ֆոտոշարքում և հարցազրույց տվել ամսագրին, որտեղ պատմել է իր մոդելային կարիերայի և ձիասպորտի հանդեպ իր կրքի մասին։
«Մի քիչ տարօրինակ եմ: Իմ պահվածքը ոմանց նույնիսկ մի փոքր շփոթեցնում է. նրանք չգիտեն, թե ինչպես շփվել ինձ հետ: Հավատում եմ, որ հումորն է ստիպում զգալ, որ ապրում ես», ասել է Իվը։
Ձիասպորտի հանդեպ իր կրքի մասին խոսոլիս Ջոբսի դուստրը նշում է, որ ծնողները պնդել են, որ նա կենտրոնանա ուսման վրա, սակայն թույլ են տվել գարնանը և ամռանը մրցումների մասնակցել։
«Ուզում էի տեսնել, թե որքան հեռու կարող եմ գնալ: Դժվար սպորտաձև է հիմնականում այն պատճառով, որ դուք ընդամենը երկու-երեք րոպե ունեք և աշխատում եք մի կենդանու հետ, որն էապես անվստահելի է», խոստովանել է Իվն ու ասել, որ նույնիսկ պլանավորում էր մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին, սակայն դրանք հետաձգվեցին համաճարակի պատճառով։
Այս ընթացքում աղջիկը հասցրել է ավարտել Սթենֆորդը և հասկանալ, որ սպորտից արդեն ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։
Հիմա Իվը լրջորեն զբաղվում է մոդելային գործունեությամբ ու հավաստիացնում, որ ձիասպորտի հետ այս աշխատանքը ևս շատ նմանություններ ունի։
«Պոդիումում ևս ամեն ինչ մի քանի րոպեում է որոշվում։ Երբեք լրջորեն չեմ մտածել մոդելինգով զբաղվելու մասին, սակայն մի օր մտածեցի՝ իսկ ինչու՞ ոչ», պատմում է Իվը։
Այժմ աղջիկը համագործակցում է ԴՆԹ մոդելավորման գործակալության հետ, որի հետ աշխատում են նաև Կայա Գերբերն ու Էմիլի Ռատակովսկին։ Իվն իդեպ, արդեն համագործակցում է Louis Vuitton-ի հետ։