Քիմ Քարդաշյանը չորս երեխաների հետ նկարահանվել է Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի համար և հարցազրույց տվել հրատարակությանը։ Ռեալթի շոուների թագուհին խոսել է իր ամուսնալուծության մասին, բաժանումից հետո կյանքի, փաստաբանի կարիերայի և գեղեցկության չափանիշների վրա իր ազդեցության մասին:
Իսկ այս ընթացքում Քանյեն նախ՝ ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո փորձել է վերադարձնել Քիմին, իսկ հետո մեղադրել նրան երեխաների հետ շփվելուն իրեն խանգարելու համար։ Իսկ ֆոտոշարքից հետո Քանյեն սոցիալական հարթակում գրել է ՝ «Աստված, խնդրում եմ, միավորիր ընտանիքս»։
«Այսքան ժամանակ փորձում էի ուրիշներին երջանկացնել։ Վերջին երկու տարվա ընթացքում որոշեցի ինքս ինձ երջանկացնել։ Նույնիսկ եթե դա հանգեցրեց իմ ամուսնալուծության, կարծում եմ, որ կարևոր է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ու հասկանանք, թե ինչն է մեզ երջանիկ դարձնում: Այս ճանապարհն ինքս եմ ընտրել»,- ասել է Քիմը հարցազրույցում։ Նա հավելել է, որ այժմ՝ 40 տարեկանից հետո, պատրաստվում է վերահսկել իր առողջությունը և ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ։
Քարդաշյանը նաև անդրադարձել է Քանյե Ուեսթի հետ իր հարաբերություններին. «Դուք կարող եք շատ նեղացած կամ զայրացած լինել նախկինի վրա, բայց կարծում եմ, որ երեխաների առջև նա միշտ պետք է լինի լավագույնը՝ «Ձեր հայրը լավագույնն է», անկախ նրանից, թե ինչի միջով եմ անցնում ես»:
Կատակերգու և դերասան Փիթ Դևիդսոնի հետ առնվազն հոկտեմբերից շարունակվող սիրավեպի մասին Քիմը չի խոսել։