«Love is…» մաստակը սիրում էինք բոլորս, իսկ սիրահարների պատկերներով ու սիրային արտահայտություններով ներդիրները հավաքում, ու նույնիսկ խաղում էինք դրանցով։
Հետխորհրդային տարածքում այն իսկապես ամենահայտնի մաստակն էր, որը դարձավ 90-ականների խորհրդանիշներից մեկը: Բայց քչերը գիտեն «Love is…»-ի պատմությունն ու որ ներդիրների վրա պատկերված սիրահար զույգն իրական նախատիպ ունի։ Կոմիքսներն իրական սիրո մասին են, որը, ցավոք, տխուր ավարտ ունեցավ։
«Love is …» կոմիքսների հեղինակը նորզելանդացի անիմացիոն նկարիչ Քիմ Գրովն է: 19 տարեկանում նա սկսեց ճանապարհորդել, իսկ 6 տարի անց որոշեց բնակություն հաստատել Կալիֆորնիայում։ Այնտեղ նա ծանոթացավ իտալացի Ռոբերտո Կազալիի հետ՝ զույգն ամուսնացավ։ Հենց նա ոգեշնչեց նրան ստեղծել երկու զվարճալի կերպար, որոնց նախատիպերն իրենք էին։
Քիմը սկսեց անձեռոցիկների վրա նկարել տարբեր դրվագներ իր ամուսնական կյանքից՝ ստորագրելով՝ «Love is…» ու ավելացնելով նկարին համապատասխան տեքստ։
Քիմն ու Ռոբերտոն շուտով ամուսնացան։ Հարսանիքի ընթացքում Քիմը կրում էր երիցուկների ծաղկեպսակ։ Հետագայում Քիմն իր հերոսուհու համար նույն պսակից էր նկարել: Հետագայում նկարազարդերում բազմաթիվ իրական դրվագներ են օգտագործվել սեփական ամուսնական կյանքից:
Ռոբերտոյին այնքան էին դուր գալիս կերպարներն ու նկարազարդումները, որ նա որոշեց պրոդյուսավորել կոմիքսների թողարկումը։ Դրանք առաջին անգամ տպագրվեցին 1970 թվականի սկզբին, իսկ դրանից հետո ամեն շաբաթ տպագրվում էին Los Angeles Times-ում:
Շուտով կերպարներն այնքան հայտնի դարձան, որ սկսեցին տպագրվել նաև ամսագրերում, շապիկների, գավաթների, օրացույցների և պաստառների վրա: Իսկ կոմիքսներ ը տպագրվեցին ու տարածվեցին աշխարհի 50 երկրներում։
Սակայն Քիմի և Ռոբերտոյի ընտանեկան երջանկությունը երկար չտևեց։ Որդիների ծնվելուց 4 տարի անց Ռոբերտոյի մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ Ցավոք, բժիշկներն անկարող էին որևէ կերպ օգնել նրան։ Քիմը թողեց իր կոմիքսները՝ ամուսնու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։
Քիմը խնդրեց անգլիացի դիզայներ և մուլտիպլիկատոր Բիլ Էսփրիին փոխարինել իրեն՝ շարունակելով նկարել կոմիքսները։ Նա հագուստներ ավելացրեց կերպարներին՝ հենց այդ տարբերակները հետագայում ճանաչվեցին հետխորհրդային տարածքում:
Ռոբերտոյի վիճակը վատանում էր․ Քիմն ամուսնուն ասաց, որ ևս մեկ երեխա է ուզում ունենալ։ Զույգը որոշեց սառեցնել Ռոբերտոյի սերմնահեղուկը։ 1976 թվականին՝ 31 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարչի ամուսինը։
Ամուսնու մահից 16 ամիս անց Քիմը երրորդ որդուն լույս աշխարհ բերեց։
Ցավոք, Քիմը ևս վաղ տարիքում հեռացավ կյանքից՝ 55 տարեկանում։ Կոմիկսների շարքը շարունակեց որդին՝ Ստեֆանոն՝ Բիլ Էսփրիիի հետ համատեղ։
Ամենահետաքրքիրն այն է, որ մաստակներում նկարազարդումները սկսել են օգտագործվել առանց հեղինակների իմացության։ Բիլ Էսփրիին դրա մասին տեղեկացել է միայն 2008 թվականին՝ հարցազրույցներից մեկի ընթացքում։
«Love is…»-ը շատերի մանկության մի մասն է՝ այն իսկական սիրո ու հավատարմության մասին է։ Տարիներ ի վեր կոմիքսները չեն կորցրել իրենց ակտուալությունը՝ շարունակելով մնալ սիրո խորհրդանիշ շատերի համար։
Սիրո մասին երգերի փլեյլիսթը լսե՛ք այստեղ։