Այս տարի անկախ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է։ Ասել, որ տարին դժվար էր՝ նշանակում է ոչինչ չասել։ Հույս, ցավ, հավատ, ու նորից ցավ, կորուստ, արցունք, ուժ ու թևեր։
Չափազանց բարդ էր, խոսքերը քիչ են նկարագրելու այն, ինչ զգաց ու վերապրեց յուրաքանչյուր հայ։ Միայն մի կարևոր միտք՝ խոնարհվում ենք անմահացած զինվորների առջեւ ու խոստանում հավերժ հիշել ու վառ պահել նրանց հիշատակը։
1990 թվականի օգոստոսի 23 – ին պաշտոնապես ընդունվեց անկախության հռչակագիրը, ինչը սկիզբ դրեց անկախ պետականության գործընթացին։ Իսկ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն հաջորդ տարվա սեպտեմբերի 21 – ին։
«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»»:
Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Ա Վեհափառ
Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ։
«Այո՛… Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները»:
Համո Սահյան
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»․ Ուղիղ 30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21 – ին, անկախության հանրաքվեին հայ ժողովուրդը գրեթե միաձայն պատասխանեց այս հարցին։
Արդյունքում ծնվեց Հայաստանի երրորդ՝ անկախ Հանրապետությունը։
«Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարի՛ր, ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»:
Հրանտ Մաթևոսյան