Լուսինը նայեց՝ քաղաքին քնած ․․․
Չենք սխալվի, եթե ասենք, որ Գարիկի ու Սոնայի «Լուսին» – ը թերևս ամենասիրելի հայկական երգերից մեկն է։ Այն միանգամից ջերմ ընդունվեց հանրության կողմից ու սիրվեց։
Գարիկն ու Սոնան երգը ներկայացրեցին 2017 թվականին՝ գրեթե 4 տարի անց կատարումը շարունակում է մնալ ամենասպասվածներից ու սիրվածներից։ Youtube – ում կատարումը 7 միլիոնից ավելի դիտում ունի։
Այս անգամ որոշեցինք ներկայացնել երգի հեղինակին ու մի քանի այլ մանրամասներ։
Կատարման հեղինակը Էդգար Էլբակյան կրտսերն է։
Ի դեպ, «Լուսին» երգն իրականում կոչվում է «Մորս», սակայն հանրության մեջ տպավորվել ու հիշվել է հենց «Լուսին» անվանումը։ Երգի գործիքավորման հեղինակը Գարիկ Պապոյանն է։
Ինչպես արդեն նշեցինք՝ երգի հեղինակը Էդգար Էլբակյան կրտսերն է։
Էդգարը թատերագետ Արմեն Էլբակյանի ու դերասանուհի Աննա Էլբակյանի որդին էր, ռեժիսոր Լիլի Էլբակյանի եղբայրը։ Նա ապրեց ընդհամենը 18 տարի, բայց հասցրեց իրենից հետո թողնել այնքան արվեստ, որ առ այսօր շարունակում ենք լսել ու պատմել նրա մասին։
Էդգարը կյանքից հեռացավ 2000 թվականին՝ դժբախտ պատահարի արդյունքում: Նա ընհամենը 18 տարեկան էր։
Նրա մասին պատմելով՝ մտերիմները նշում են, որ Էդգարը գրում էր ձեռքի տակ ընկած ամեն թղթի, նույնիսկ լուցկու տուփի վրա, անդադար ստեղծագործում էր ու նվագում։
Բանաստեղծ, դերասան, երաժիշտ, գրող՝ Էդգարը բազմակողմանի զարգացած էր։ Նա մի շարք բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ Այս կարճ ընթացքում Էլբակյանը հասցրել էր նաև հանդես գալ մի շարք ֆիլմերում ու նեկայացումներում։
2002 թվականին՝ հետմահու, լույս տեսավ Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։
«Լուսին» – ի սիրունագույն խոսքերը կարող եք գտնել նաեւ մեր հավելվածում ու վայելել երգը լսելու ընթացքում։