Օգոստոսի 30 – ին էր ծնվել սցենարիստ, սիրված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, ում անիմացիաներն առ այսօր ակտուալ են։ Հենց այս առիթով էլ որոշեցինք հետաքրքիր փաստեր ներկայացնել Սահակյանցի մասին։
Դժվար է պատկերացնել, որ կա մեկը, ով ծանոթ չէ Սահակյանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմին։ Դե իսկ այս երգը գրեթե բոլորն անգիր գիտեն։
Մուլտֆիլմն ի դեպ, նկարահանվել է 1984 թվականին՝ հայկական ժողովրդական հեքիաթների թեմաների հիման վրա:
Ռոբերտ Սահակյանցը շատերի համար Ռոբն էր, նրան հենց այդպես էին անվանում։ Նա առ այսօր մեծ համբավ է վայելում հետխորհրդային երկրներում։ Իսկ աշխարհի մասշտաբով համարվում է ամենաշատ անիմացիաներ ստեղծած մուլտիպլիկատորներից մեկը։
Մանկավարժական համալսարանում սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել որպես նկարիչ անիմատոր Հայֆիլմ կինոստուդիայում` իրեն շրջապատելով համախոհներով։
Ամենահետաքրքիրն այն է, որ Սահակյանցին հեռացնում են համալսարանից՝ շատ բացականեր ունենալու համար։ Այդ ժամանակ նա դեռ չգիտեր, որ արժանանալու է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի ու ՀՀ ժողովրդական արտիստի կոչումներին։
Սահակյանցի ամենահայտնի անիմացիաներից է «Աղվեսագիրք» -ը, որ նկարահանվել է 1975 թվականին՝ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների հիման վրա: Այն համարվում է փսիխոդելիկ ռոք-օպերա։
«Մուլտֆիլմ ինձ համար շրջապատիս հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի, կամ որևէ փիլիսոփայական մտքի, ավանդույթի սուր արտահայտումն է։ Ու այն պետք է կառուցված լինի հումորի ու կասկածի վրա», հարցազրույցներից մեկում ասել էր Սահակյանցը։
Ի դեպ, մուլտիպլիկատորը մուլտֆիլմ բառը չէր սիրում՝ գերադասելով իր աշխատանքներն անվանել ֆիլմեր։
Սահակյանցը կյանքից հեռացավ 12 տարի առաջ՝ սրտի բարդ վիրահատության արդյունքում. Նա 59 տարեկան էր։